ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. Ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել նրա ձերբակալության դեմ:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Երեկ վերաքննիչ բողոք ենք ուղարկել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», - ասաց նա:
Այլ մանրամասներ փաստաբանը չներկայացրեց։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։