ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա. փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, տարեվերջին երկրները մոտ 6 մլրդ դոլար կկորցնեն։
«Այս տարի միտումը շարունակվում է։ Եվ մենք ներկայում 3 մլրդ դոլար անկում ունենք։ Ակնհայտ է, որ տարեվերջին մոտ 6 մլրդ դոլար կկորցնենք», – ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Ռուսաստան - Հայաստան» նստաշրջանի ժամանակ։
Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է, որ «ինքը Հայաստանում հեռանկարներ չունի, քանի որ հեռանկար չկա նաև Եվրամիության հետ փոխգործակցության»։
Միևնույն ժամանակ, Օվերչուկը ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը հասկանում են կարգավորիչ միջավայրը բարելավելու անհրաժեշտությունը՝ տնտեսական ցուցանիշների մակարդակը վերականգնելու համար։ Հիմնական պատճառների թվում նա նշել է խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը և փոխադարձ հաշվարկների խնդիրը։
Անհրաժեշտ է նաև ավելացնել «Վերին Լարսի» անցակետերի թիվը, որտեղ այս օրերին կրկին մեծ խցանումներ են գրանցվում։
Այնուամենայնիվ, Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին երկրի կայուն տնտեսական աճ է ապահովում։ Օվերչուկի խոսքով՝ 10 տարի առաջ Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր մոտ 3.8 հազար դոլար, այսօր այն հասել է 8.5 հազար դոլարի։ Իհարկե, սա չի կարելի մեծ եկամուտ անվանել, բայց ցուցանիշը խոսում է տեմպերի և ներուժի մասին, հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 1.6 անգամ` գերազանցելով 12 մլրդ դոլարը։