ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետի գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:
Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության` սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում:
Մասնավորապես՝
Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
Սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում,
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:
Մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Հիշեցնենք, որ վերջին 2 օրում ՍԱՏՄ–ն կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 6 կետի և «Տաշիր կաթ» ընկերության արտադրամասի գործունեությունը։
Նշենք, որ ընկերության սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ներկայում գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Երեկ կեսգիշերին Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորվեցին։