ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելով` իշխանությունը փորձում է կանխել եկեղեցու շուրջ հասրակության հնարավոր մոբիլիզացիան. ԱԺ–ում կայացած ճեպազրույցում այսօր այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Կարծում եմ` դա որևէ արդյունք չի տալու, որովհետև այն բառապաշարը և այն գործողությունները, որոնց մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ պրոցեսներում, չի կարող որևէ սցենարի դեպքում իշխանության համար օգտակար լինել»,– նշում է պատգամավորը։
Արբրահամյանի համոզմամբ` ամեն ինչ իրականացվում է ներքաղաքական հաշվարկի հիման վրա, և բոլոր նրանց, վքեր կարող են խոչընդոտ ստեղծել իշխանության համար, փորձում են հանել խաղից։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ը պետականացնելու կամ ազգայնացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավորը շեշտում է, որ միջազգային ընկալումներով դա խիստ վտանգավոր է տնտեսության ու ներդրումների տեսանկյունից։
«Սա իրավական գործընթաց չէ, որ հասկանանք` ընթացակարգը խորհրդարանո՞վ է, կառավարության որոշմա՞մբ է, թե՞ այլ ձևով։ Հստակ տրվել է քաղաքական հանձնարարություն, կա թիրախ, և անկախ այն հագամանքից, թե ով ինչպես կկարողանա, դա իրականացվելու է։ Այստեղ օրենքի և Սահմանադրության խնդիր չկա»,– շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։