ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Չինաստանը կարողացավ գոյատևել՝ առանց կորցնելու իր ինքնությունն ու ավանդույթները, և այս փորձը կարևոր է Եվրասիայի և գլոբալ Հարավի երկրների համար: Սանկտ Պետերբուգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի «Մշակութային կոդ և եվրասիական արժեքներ. ի՞նչ կթողնենք մենք մայրցամաքին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասել է չինական Guancha լրատվամիջոցի հիմնադիր Շիմո Լին։
«Չինաստանի արդյունաբերականացումը ուշացած էր, և երկիրը գրեթե ոչնչացվեց նրանց կողմից, ովքեր ավելի վաղ կառուցել էին զարգացած արդյունաբերություն: Չինաստանում հասկացան, որ արդիականացումն անհրաժեշտ է գոյատևելու համար: Սակայն համաշխարհային տերություններն ասացին. «Դուք կարող եք գոյատևել միայն ձեր ինքնությունը կորցնելու գնով», - իր ելույթում ասել է Շիմո Լին` հավելելով, որ ենթադրում է, թե նույնն ասվել է գրեթե բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։
Նրա դիտարկմամբ` ներկա ժամանակահատվածում նման ընտրության առջև կանգնած երկրների մեծ մասը հրաժարվում են իրենց արժեքներից և մշակութային ժառանգությունից՝ ընդունելով ուրիշի քաղաքական համակարգը: Շատերը նույնիսկ պատճենում են ուրիշների սահմանադրությունը:
Ավելի քան 100 մլն հետևորդ ունեցող լրատվամիջոցի հիմնադրի խոսքով` Չինաստանն իր առջև դրված արևմտյան պահանջին «ոչ» ասաց մի ժամանակաշրջանում, երբ որևէ երաշխիք չկար, որ դա ճիշտ ընտրություն էր:
«Բայց մենք փորձեցինք չհրաժարվել մեր հիմնական արժեքներից: Կարծում եմ՝ մենք հաջողության հասանք, և հիմա մենք սկսում ենք նոր գործընթաց, որի նպատակն է մեր կյանք վերադարձնել այն ավանդույթները, որոնք մենք ստիպված էինք թողնել», - ասել է Շիմու Լին։
Չինացի լրագրողը շեշտեց, որ նույն միտումներն է նկատել նաև Ռուսաստանում ու եվրասիական տարածաշրջանի որոշ երկրներում։
«Չինաստանն ու Ռուսաստանը կարողացել են պահպանել խաղաղությունը միմյանց միջև և ունեն այն պահպանելու լավ հնարավորություն, քանի որ մենք պահպանել ենք բավականաչափ ավանդույթներ՝ միմյանց տարբերությունները հարգելու և ընդունելու համար։ Շատ երկրներ այս ըմբռնումն ունեին ժամանակակից լիբերալ դարաշրջանից առաջ։ Բայց հիմա ես տեսնում եմ նման ձգտումներ Եվրասիայի այլ մասերում», - ասել է նա։
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է։