ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է։ Այս մասին ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա նկատմամբ հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նրանք նպատակ ունեն վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկել հավատավոր իր հոտի աջակցությունից»,– ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռը սա համարում է հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես էլ Հայոց եկեղեցուն։
Նշվում է նաև, որ եկեղեցին իր զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։