ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և ընկերության արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն են տարածել՝ իրենց լիակատար աջակցությունը հայտնելով գործարար և սեփականատեր Սամվել Կարապետյանին։
«Մենք վստահ ենք, որ Հայաստանում օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք՝ շարունակելու հայրենիքին ուղղված իր ծրագրերը», – ասված է հայտարարության հատվածում։
Ընկերությունը հիշեցրել է, որ 2015թ․-ից սկսած «Տաշիր» խմբի կողմից իրականացվել են շուրջ 700 մլն դոլարի ներդրումներ՝ նախկինում ֆինանսապես և տեխնիկապես ծայրահեղ վիճակում գտնվող ընկերության վերականգնման համար։ Արդյունքում կտրուկ կրճատվել են էլեկտրաէներգիայի կորուստները, բարելավվել են հոսանքազրկման ցուցանիշները, և շարունակվում է ցանցի արդիականացման գործընթացը։
Հայտարարությունում նշվում է, որ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ ընկերության ֆինանսական վիճակն այսօր կայուն է, իսկ վարկային վարկանիշը՝ «բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից»։
Նշենք, որ նախօրեին Փաշինյանը սպառնացել էր ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին, երբ այն պետականացվի։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։