ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Այս մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, թե այսօր ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի` ստիպողաբար դատարանի մոտ էին բերել նաև ՀԷՑ–ի աշխատողների։
Ինչպես հայտնի է, Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այս պահին քննվում է գործարար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
«Դա արդեն հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները կզբաղվեն դրանով։ Ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի որոշ շրջանակների զգուշացնում էի` կառավարությունը կոմբինատում ունենալու է փայաբաժին և բոլոր նրանք, որոնք մարդկանց ստիպողաբար տանում էին ցույցերի, կազատվեն աշխատանքից։ Ես դա ասել էի 2021 թ. հունիսին, իսկ արդեն սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ աղերսագրերով և մեղայագրերով գալիս էին կառավարություն` ասելով` հետ ընդունեք, սխալվել ենք։ Հիշեք` ոչ մեկին ներում չի լինելու»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա նաև կոչ արեց, որ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն ստիպողաբար ցույցի գնալուց և այդ մասին կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան, նրանք ՀԷՑ–ի պետականացումից հետո չեն ազատվի աշխատանքից, չեն դատվի ու կխրախուսվեն։
«Նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ` «Տաշիր պիցցայում» կկարողանա՞ն աշխատել, թե՞ ոչ»,– նշեց վարչապետը։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Փաշինյանն այսօր հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի), և դա տեղի կունենա արագ։