ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր Թբիլիսիում Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ «Վրաստանի հայ համայնք» ՀԿ կազմակերպած ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և Վեհափառ հայրապետին։
Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմի ֆեյսբուքյան էջից։
Կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի հայաթափմանն ու Հայաստանում տիրող իրավիճակին, բարձրաձայնել Հայոց եկեղեցուն, քրիստոնյա հավատացյալներին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին աջակցելու մասին:
Բողոքի գործողությունն ավարտվել է հայտարարության ընթերցմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։