Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով

Ամենայն հայոց կաթողիկոսը տերունական աղոթք հնչեցրեց հենց օդանավակայանի ելքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով։
Եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ հավաքվել են օդանավակայանում` իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերադարձավ Արաբական Միացյալ Էմիրություններից։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ գործողություններ կձեռնարկի ի պատասխան իշխանությունների ծավալած արշավի։
1 / 2

Գարեգին Երկրոդը «Զվարթնոց» օդանավակայանում

2 / 2

Գարեգին Երկրորդը

«Եթե մենք ինչ-որ գործողություններ ձեռնարկենք, անպայման կտեղեկացնենք ձեզ այդ մասին»,– պատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսը։
Ինչ վերաբերում է ավելի վաղ եկեղեցու հասցեին հնչած հայտարարություններին, կաթողիկոսը հայտարարեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է։
Գարեգին Երկրորդը տերունական աղոթք հնչեցրեց հենց օդանավակայանի ելքի մոտ և շնորհակալություն հայտնեց հավաքվածներին։

«Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,– ասաց կաթողիկոսը։

Օդանավակայանից դուրս գալու ճանապարհին նա օրհնեց հավատացյալներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։