ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Գիշերը 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել թուրքական Մարմարիս հանգստավայրում, առնվազն 69 մարդ տուժել է, կա մեկ զոհ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցնցումների պահին մարդիկ գիշերանոցներով խուճապահար դուրս են վազել փողոցներ, իսկ մի քանիսը ցատկել են բազմահարկ շենքերի պատուհաններից։
Տուժածներից 55-ը հոսպիտալացվել են։ Բժիշկները գրանցել են բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքների 34 դեպք։
Մահացել է 14-ամյա աղջիկ. երկրաշարժից հետո նրա մոտ խուճապային նոպա է սկսվել։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել հնարավոր չի եղել։
Հավելենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ափամերձ գոտու մոտ, օջախը՝ 67 կիլոմետր խորության վրա։
Արաբական լրատվամիջոցների տվյալներով՝ ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսում։