«Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին». բողոքի ակցիա` ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Ակցիայի մասնակիցների խոսքով` Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ` ջարդելու հայ ժողովրդի հիմնասյուն Հայ Առաքելական եկեղեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու ու ազգային-հոգևոր արժեքների։
Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ իրականացրին։ Իրենց հետ բերված սպիտակ պարանի վրա լվացքի ամրակներով կախեցին պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ կային. «Մեր արհավիրքի պատճառը սատանայապաշտ իշխանություններն են», «Նզո՛վք դավաճաններին, ամո՛թ լռողներին», «Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայ ազգի հիմնասյունն է» և այլն։
Բողոքի ակցիա կառավարության մոտ
«Ես ոչ մի կազմակերպության անդամ չեմ, ուղղակի մտահոգ քաղաքացի եմ։ Բորորն էլ հիմա դժգոհ են, հասունանում է պայքարը, բայց չգիտես ինչու` ոչ մեկ չի համարձակվում դուրս գալ փողոց։ Այսօր մեր խիղճը չի թողնում, որ մենք նստենք տանը։ 5 տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանը, ոտնահարում ազգային բոլոր արժեքները, տապալում է ամբողջ պետական համակարգը , կազմաքանդում բոլոր օղակները, պետությունն ուղղակի չի աշխատում։ Այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ` ջարդելու մեր հիմնասյունը Հայ առաքելական եկեղեցին»,–ասաց ակցիայի մասնակիցներից Էլյանորա Մանանդյանը։
Նա դիմեց հայ ժողովրդին` հարց ուղղելով, թե ուր են նրանք, երբ Նիկոլ Փաշինյանը պղծում է հայ եկեղեցին։ Ակցիայի մասնակիցները ոչ թե պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ պահանջում են դատել նրա։
«Ես պահանջում եմ դատել ոչ միայն Նիկոլին, այլ նաև իր կենակցին բոլոր բարոյական օրենքները խախտելու համար։ Ես հասկանում եմ, որ իրենք կրթություն չունեն և այդ խորդանոցներում իրենք են մեծացել, և «Կրթությունը նորաձև է» ակցիաներով ուզում են իրենց ներշնչել, թե ուզում են կրթություն ստանալ»,–ասաց Մանանդյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները նաև խնկարկում իրականացրին կառավարության շենքից նեռապաշտության չարիքը մաքրելու համար։
Ակցիայի մասնակիցները նաև խնկարկում իրականացրին կառավարության շենքից նեռապաշտության չարիքը մաքրելու համար
Նրանք կոչ արեցին մարդկանց փողոց դուրս գալ և էական չէ, կմիանան իրենց, թե ոչ, կարևորը մարդիկ իշխանություններին ցույց տան, որ արգելում են պղծել եկեղեցին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։