Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները

Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը ողբերգական ավարտ է ունեցել, սկսվել է շան թեմայով վեճից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» թաղամասում վրաերթի ենթարկված 2 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Shamshyan-.com–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ` մայիսի 30-ին, Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով` մի կին մահացել է, իսկ նրա 2 տարեկան որդին հիվանդանոց է տեղափոխվել։

«Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,– հայտնեցին ՔԿ–ից։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է միջադեպի մանրամասները։
«Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ: Իրավապահները պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի»,– ասված է հաղորդագրությունում:
Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2 տարեկան որդուն:
Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ըստ ՆԳՆ–ի` վրաերթի հետևանքով մահացած կինը 42 տարեկան էր։