ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ «Սրբավայրերի հանդեպ վարչապետի մահացու սերը»․ այսպես է վերնագրել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր պատասխանը՝ ուղղված վարչապետի այսօրվա խոսքերին։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մարզահամերգային համալիրի թեմայից սահուն անցում կատարեց եկեղեցիներին՝ դրանք անվանելով «չուլանանոց», որտեղ ով ինչ հին բան ունի, բերում, թողնում է։
Սրբազանի խոսքով՝ գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը, սակայն լավ չէ, որ միաժամանակ չի կարողացել չցուցադրել «նորաձև» հռչակված կրթության պակասը։
Նրա խոսքով՝ դեռ 2019թ․ սկզբներին եկեղեցին դիմել է պետական մարմիններին, այդ թվում՝ կառավարությանը հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ։ Սակայն պատասխան մինչև այսօր չի ստացվել։
«Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Արշակ սրբազանը։
Հավելենք` այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե անընդհատ խոսում ենք սրբության մասին, բայց մեզ արտասուրբ ենք պահում, ոտնահարում ենք սրբությունները։