Սերժ Սարգսյանի՝ կաշառքի գործով նյութերը փոխանցվել են դատարան

Գործով մեղադրյալներ են նաև Միքայել Մինասյանը և Սամվել Մայրապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք վերաբերում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանը միջնորդավորված ճանապարհով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից՝ վերջինիս ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու պայմանով։ Ընդհանուր կաշառքի գումարը կազմել է շուրջ 3 միլիոն դոլար, որից 2 միլիոն 660 հազարը՝ կանխիկ, իսկ 325 հազարը՝ փոխանցումով։
Այս քրեական գործը իրավական աճպարարության հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան
Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին (Սերժ Սարգսյանի փեսան է) և գործարար Սամվել Մայրապետյանին։
Նշենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը դեռևս 2018 թվականին հրավիրված ասուլիսի ժամանակ էր ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին ։