ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. «Արևմուտք-2025» զորավարժության պարամետրերը կիջեցվեն` հիմնական զորավարժություններն արևմտյան սահմաններից տեղափոխելով Բելառուսի խորքերը: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Նա նշել է, որ որոշումն ընդունվել է Արևմուտքի երկրների լայնածավալ ռազմականացման համատեքստում լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև Մինսկի խաղաղասիրական մտադրությունները ցուցադրելու նպատակով։
«Անկեղծ ասած` կառուցողական արձագանքի հույս չունենք։ Ավելի շատ դա անում ենք ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին և գործընկերներին ցույց տալու Բելառուսի Հանրապետության իրական խաղաղասիրական դիրքորոշումը», –Բիշքեկում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ասել է նախարարը։
Բելառուսա-ռուսաստանյան «Արևմուտք-2025» զորավարժությունները Բելառուսում կանցկացվեն սեպտեմբերին:
Խրենինը նաև նշել է, որ Մինսկը Եվրոպայում տեղի ունեցող լայնածավալ ռազմականացման գործընթացները դիտարկում է որպես հնարավոր արտաքին վտանգ, որը կարող է որոշակի պայմաններում հանգեցնել ռազմական հակամարտության:
Ինչպես նշել է նախարարը, իրավիճակը տարածաշրջանում չի կարող վերադառնալ կայուն և բարիդրացիական վիճակի, քանի դեռ Արևմուտքի երկրները չեն գիտակցում, որ անհրաժեշտ է հաշվի առնել այլ պետությունների անվտանգության օբյեկտիվ շահերը։
Նա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է միջազգային և տարածաշրջանային անվտանգության կայուն ճարտարապետության ձևավորում։
Պաշտոնյայի խոսքով` Բելառուսը բոլոր ջանքերը գործադրում է իրավիճակը կարգավորելու համար, և այդ հարցում ակնկալում է ՀԱՊԿ-ի և նրա անդամների աջակցությունը:
Նշենք, որ Հայաստանը չի մասնակցել Բիշքեկում անցկացվող նիստին։ Երևանը դեռևս 2024 թվականի սկզբին հայտարարել էր կառույցում իր մասնակցության սառեցման մասին։