ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Football Observatory» սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել նաև «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Վարկանիշը կազմվել է աշխարհի 60 լիգաների տվյալներով։ Ուսումնասիրությունը հիմնվել է ցուցիչի վրա, որը հաշվարկվում է ֆուտբոլային արդյունավետության վեց հիմնական բաղադրիչների հիմքով` օդային պայքար, պաշտպանություն գետնին, փոխանցումներ, շրջանցում, գոլային պահերի ստեղծում և գրոհների եզրափակում։
Էդուարդ Սպերցյանը ամենաազդեցիկ հարձակողական կիսապաշտպանների վարկանիշում զբաղեցրել է 27-րդ տեղը՝ 80,1 ինդեքսով: Նա վարկանիշային աղյուսակում առաջ է անցել Ջուլիան Բրանդտից («Բորուսիա Դ»), Միկել Մերինոյից («Արսենալ»), Դանի Օլմոյից («Բարսելոնա»):
Հենրիխ Մխիթարյանը կենտրոնական կիսապաշտպանների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը: 36-ամյա կիսապաշտպանն իր ակումբակից Նիկոլո Բարելայի հետ նույն արդյունքն ունի՝ 88,0 ինդեքս:
Նշենք, որ մայիսի 31-ին Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայում երկրորդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: