Իրանը գործարքի դեպքում ամերիկյան տեսուչներին թույլ կտա մտնել միջուկային օբյեկտներ. Էսլամի

Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Իրանը ԱՄՆ-ի հետ գործարքի դեպքում պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի կազմում ամերիկացի տեսուչներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Մենք առ այսօր չենք ընդունել այն երկրների տեսուչներին, որոնց հետ հակամարտության մեջ ենք... Բայց եթե համաձայնություն ձեռք բերվի (ԱՄՆ–ի հետ – խմբ.), և հաշվի առնվեն Իրանի բոլոր պահանջներն ու ցանկությունները, ապա մենք պատրաստ ենք վերանայել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ընդունման հարցը», -լրագրողներին ասել է Էսլամին՝ պատասխանելով հարցին, թե կթույլատրվի՞, արդյոք, որ ԱՄՆ-ն իր տեսուչներին ուղարկի Իրանի միջուկային օբյեկտներ:
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։
Իրանի ղեկավարը Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների լավ արդյունքի հույս ունի
Միևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ սրվել են կողմերի հակասությունները։ Այսպես, ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:
Ընդ որում, Իրանը հնարավոր է համարել ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Օմանի ԱԳ նախարարը որոշակի առաջընթաց է արձանագրել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում