Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար

Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շել է, որ անվտանգային ճարտարապետությունը պետք է կառուցվի «բոլոր երկրների և ժողովուրդների» մասնակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Թեհրանը չի զիջի ուրանի հարստացման իր իրավունքը։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։
«Ընդգծելով զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելը՝ Իրանը հետ չի կանգնի իր օրինական իրավունքներից, ինչպիսիք են միջուկային ոլորտում անկախությունը (ներառյալ վառելիքի ցիկլի տիրապետումը) և ուրանի հարստացումը», - ասել է իրանական պաշտոնյան:
Ահմադիանը նաև հայտարարել է, որ միջազգային անվտանգային ճարտարապետությունը չի կարող կառուցվել առանց «բոլոր երկրների և ժողովուրդների» մասնակցության: Իրանի տեսանկյունից՝ անվտանգությունը պետք է հիմնված լինի գերիշխանությունից հրաժարվելու, մարդկանց և ազգերի ազատության, ինչպես նաև իրավահավասար հարաբերությունների հաստատման վրա:
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։
Իրանի ղեկավարը Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների լավ արդյունքի հույս ունի
Միևնույն ժամանակ, հինգերորդ փուլից առաջ սրվել են կողմերի հակասությունները։ Այսպես, ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել է հրաժարվել ուրանի հարստացումից։ Իրանական կողմը մերժել է այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:
Ընդ որում, Իրանը հնարավոր է համարել ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը, ինչպես նաև խոսել է իր միջուկային գործունեության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն թույլ տալու պատրաստակամության մասին, որպեսզի ցուցադրի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Օմանի ԱԳ նախարարը որոշակի առաջընթաց է արձանագրել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում