ՔԿ–ից 590 000 դոլարի հափշտակության գործով 3 անձ է ձերբակալվել, նրանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է

«Փաստինֆոյի» աղբյուրներով՝ հենց ՊԵԿ պաշտոնյան է Երևանի Սարյանի փողոցից իր մեքենայով գողին տեղափոխել ՔԿ շենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով երեք անձ կա ձերբակալված, որոնցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով աշխատանքային ժամին (մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։
«Փաստինֆոյի» աղբյուրներով՝ հենց ՊԵԿ պաշտոնյան է Երևանի Սարյանի փողոցից՝ գլխավոր փոստատան շենքի մոտից իր մեքենայով տեղափոխել գողին։
«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ գողությունը երկար է պլանավորվել, և որ պաշտոնյաներն անմասն չեն մնացել»,– գրել է կայքը։
Ըստ լրատվամիջոցի` անձը գործել է բավական զգուշավոր. անգամ ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալու պարագայում ամեն կերպ աշխատել է հետքեր չթողնել:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այս գործով հարուցվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ, գումարի հիմնական մասը` 578․800 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է։ Կոմիտեից նաև հայտնել են, որ խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են: