ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր թիմի կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
Վերջին փուլում թիմը 3:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կատարեց երկու գոլային փոխանցում և խփեց 3–րդ գոլը։
Այսպիսով, ակումբը վաստակեց 67 միավոր՝ մեկ միավորով առաջ անցնելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթից», որը վեց տարի անընդմեջ չեմպիոն էր։
Նշենք, որ «Կրասնոդարն» առաջին անգամ է հաղթում Ռուսաստանի առաջնությունում։
Չեմպիոնի պարգևատրման արարողության ժամանակ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Ալեքսանդր Ալաևը Ռուսաստանի չեմպիոնների գավաթը հանձնեց «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանին։
Ակումբի ավագն իր հերթին գավաթը հանձնեց ակումբի նախագահ և սեփականատեր Սերգեյ Գալիցկիին։