ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Արարատի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են Մխչյանի դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանը՝ անդրադառնալով Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի վերաբերյալ այսօր տարածված տեղեկություններին։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
«Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված»,- նշված է հայտարարության մեջ։
Արարատի մարզպետի աշխատակազմը խստորեն դատապարտում է կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը։ Շեշտվում է՝ դեպքը կլինի մշտական վերահսկողության ներքո, կարվի հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: