Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանն իր պաշտոնավարումը դադարեցրել է մայիսի 13–ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը»,– գրել է Կոստանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էմին Թորոսյանը մայիսի 13–ից դադարեցնում է պաշտոնավարումը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Թորոսյանը թատրոնի տնօրեն էր նշանակվել 2019 թ. մայիսի 17–ին։
Ինչ վերաբերում է Գոռ Մարգարյանին, ապա նա 2023 թվականից Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Իր գրառման մեջ Կոստանյանը նաև նշել է, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացվելու է թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթաց:
Ըստ նրա` շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ:
Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը:
Սունդուկյանի անվան թատրոնը «Գոյի» իրավահաջորդ չի ճանաչվի. դատարանը որոշում է կայացրել
«Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն դրամով, որից 100 մլն դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար»,– գրել է քաղաքապետի խոսնակը:
Կոստանյանը նաև նշել է, որ թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը մայիսի 12–ին, ժամը 15:00–ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման, սակայն չի եկել հանդիպման: