Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պնդում է՝ համատարած կալանավորում չկա

Նահապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում, եթե կոմիտեն հիմնավորում չունի, ապա միջնորդություն չի ներկայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հայաստանում համատարած կալանավորման դեպքեր չկան։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ արձագանքելով պատգամավորների դիտարկումներին խափանման միջոց կալանքի անհարկի կիրառման հետ կապված։
«Ունեցել ենք ձերբակալված 435 անձ (2024 թ.-խմբ), որոնցից ընդամենը 148-ով է միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այդ 148-ից ընդամենը 84-ն են բավարարվել, այսինքն՝ շուրջ 56 տոկոսը, սա նշանակում է, որ շուրջ կեսը մերժվել է»,- նշեց Նահապետյանը։
Նախաքննության փուլում ընդհանուր 230 անձի վերաբերյալ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր վարույթով անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Պնդում է՝ եթե խափանման միջոց կալանքը կիրառելու հիմնավորում չկա, ապա միջնորդություն չի ներկայացվում։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բարձրաձայնած հնարավոր կոռուպցիոն դեպքերին, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հորը 1.5 մլրդ դրամի վարկ տրամադրելը կամ Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճը և այլն, ըստ Նահապետյանի՝ ինքնին բավարար հիմք չեն քրեաիրավական իմաստով ասելու, թե կա կոռուպցիա։
«Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ և ներկաներ, կան գործող պաշտոնատար անձինք և պաշտոնից ազատված, որոնք օրենքի առաջ հավասար են և կրում են հավասար պատասխանատվություն թե նախկինում կատարած գործողությունների, թե անգործության համար»,- ասաց Նահապետյանը։
«Կրթությունը նորաձև է» նախաձեռնությունը կոռուպցիոն ձևերից մեկն է․ Արմենուհի Կյուրեղյան
Նա հորդորեց՝ հայտնի դարձած բոլոր դեպքերում գրավոր հաղորդում ներկայացնել կոմիտե․ խոստանում է՝ դեպքերից յուրաքանչյուրով համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն կիրականացվի։
Հավելեց, որ վաղվանից կոմիտեում գործարկվելու է թեժ գիծ, ուստի բոլոր նրանք, ում հայտնի են դարձել կոռուպցիոն դեպքեր, կարող են բարձրաձայնել այդ մասին։
Հիշեցնեք՝ այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները չափազանց հաճախ են կալանքը կիրառում որպես խափանման միջոց՝ չարաշահելով այդ ինստիտուտը։