Հայաստանում մեծ թափով մեկնարկել է քաղաքական ուժերի նախընտրական «նախավարժանքը»։
Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը (ընդ որում՝ առանց բացառությունների) ավելացնում են տեղեկատվական ճնշումը ՀՀ բնակիչների «սրտերի և ուղեղների» վրա, իսկ այդ բնակիչները «հասարակ քաղաքացիներից» նորից վերածվել են ամենաարժեքավոր քաղաքական ռեսուրսի՝ ընտրական քվեների։
Պայքարը, առանց չափազանցության, յուրաքանչյուր ձայնի համար է, որովհետև իշխանությունը հասկանում է, որ ընտրություններն իրենց համար Հայաստանի քաղաքական դաշտում մնալու վերջին հնարավորությունն են։
Սակայն այստեղ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրողների ձայների բաշխման առումով։
Այսպես, ներկայիս իշխանության օգտին պատրաստ է քվեարկել Հայաստանի քաղաքացիների ընդամենը 11 տոկոսը, և փաշինյանական քաղաքականության համապարփակ ձախողման (ինչպես արտաքին դաշտում, այնպես էլ երկրի ներսում) համատեքստում դա միանգամայն տրամաբանական է։ «Թավշյաների» համար իրավիճակի ծայրահեղ լինելն առավել քան ակնհայտ է՝ հաշվի առնելով ընտրազանգվածի աջակցության նվազումը սոցիալական ոլորտում իրավիճակի աղետալի վատթարացման ֆոնին։
Իրավիճակի պարադոքսն այն է, որ «դասական» կամ կառուցվածքային ընդդիմությունը ևս վարկանիշների առումով շատ վատ (մեղմ ասած) վիճակ ունի։
Փաշինյանական իշխանությունն առայժմ բացարձակ թվերով առաջ է անցնում ընդդիմությունից (շփոթմունքից խուսափելու համար հատուկ չեմ նշում կուսակցությունների անունները), բայց իշխանությանն ուղղակի աջակցության թվերն աճի միտումներ չեն դրսևորում, իսկ ընդդիմությունն, անշուշտ, կարող է լուրջ կշիռ հավաքել, եթե, իհարկե, առանց տեմպերը դանդաղեցնելու մեծացնի իր ներկայությունը ընտրական դաշտում։
Ժողովուրդն, անկասկած, հոգնել է իշխանությունից, և դա փաստ է, բայց ժողովուրդը բոլորովին էլ իներտ չէ։ Եվ այստեղ, ինչպես ասում են, ընտրազանգված հավաքելու համար «չհերկված դաշտ է», և դա առանձին լուրջ վերլուծության թեմա է։
Բայց եկեք հիմա վերլուծենք, թե ինչ է անում իշխանությունն իր վարկանիշի աճի համար։ Մեծ հաշվով՝ ոչ մի նոր բան․ կայուն կերպով տարածում է վայրի պոպուլիզմ և «նախկին կոռուպցիոներների» մասին թեզը։
Արդյոք դա աշխատում է: Իհարկե ոչ։ Եվ ոչ վերջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունն արտաքին խաղացողների (որոնք նրան ֆինանսավորում են) ճնշման տակ, մշտապես ավելացնում է հարկային բեռը հասարակ քաղաքացիների վրա, որոնք ժամանակին իշխանամետ ընտրազանգվածի հիմնական մասն էին կազմում։
Դրան գումարվում է այսպես կոչված «իրական Հայաստանի» մասին խելահեղ (շատ մեղմ ասած) գաղափարախոսությունը, որը, շատ քաղաքագետների կարծիքով, ենթադրում է Հայաստանի կարգավիճակի հանգեցում թուրք-ադրբեջանական «Արևմտյան Ադրբեջան» նախագծի քաղաքական հումքի վիճակի։
Իսկ այդ ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոն-ստոպ ռեժիմով շրջում են Հայաստանի քաղաքներով ու համայնքներով՝ փրփուրը բերաններին փորձելով ապացուցել, որ բնակչության սոցիալական մակարդակի անկումը, աղքատացումը, երկրի անվտանգության ապահովման աղետալի վիճակը, թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական բոլոր քմահաճույքների հլու-հնազանդ կատարումն արվում են հանուն Հայաստանի «անկախության և ինքնիշխանության»:
Սակայն ՀՀ «հպարտ քաղաքացիներն» աստիճանաբար սկսում են հիշել, որ ուսերին սեփական գլուխ ունեն, և որ իրենք (պարզվում է) հաշվել ու կարդալ գիտեն, և հենց այդ պատճառով էլ որքան իշխանություններն ավելի համառորեն են առաջ մղում իրենց խոսույթը, այնքան ավելի են վանում մարդկանց։
Ի դեպ, իշխանության նախընտրական մարտավարության «խաղաղության և պատերազմի» գործոնի մասին ավելի ուշ կխոսենք, մանավանդ, որ դա շատ ծավալուն թեմա է։
Ընդդիմությունը գործընթացների զարգացման այս ժամանակահատվածում նույնպես ձեռքերը ծալած չի նստում և մարտավարությունն ու ռազմավարությունը շոշափում է ՏԻՄ ընտրություններում տեխնոլոգիաները փորձարկելով (Գյումրիի ընտրությունների օրինակը դա շատ հստակ ցույց տվեց)։
Պետք է առանձին ընդգծել, որ թեև մարդիկ կիսում են իշխանությանը քննադատողների թեզերը, սակայն ձայներ ստանալու համար միայն քննադատությունը բավարար չէ։ Քաղաքացիները կցանկանային իմանալ, թե կոնկրետ ինչ լուծումներ է առաջարկում ընդդիմությունը Արցախյան հարցի, հարկերի բարձրացման, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սպառնալիքների ավելացման համատեքստում: Մի խոսքով` ժողովուրդը հոգնել է պարզապես «խոսքեր» լսելուց։
Փաստ է, որ մեզ շատ թեժ տարի է սպասվում նախընտրական մրցավազքի առումով։ Փաստ է նաև այն, որ ընտրողների ավելի քան 80 տոկոսը, այսինքն՝ Հայաստանում կոնկրետ քաղաքական ուժի ընտրության հարցում չկողմնորոշվածները, հենց այն ուժն են, որը որոշելու է, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը Հայաստանում։