ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վաշինգտոնը կկարողանա ազատորեն ներդրումներ կատարել իրանական տնտեսությունում, եթե Թեհրանի հետ միջուկային համաձայնագիր կնքի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Մենք երբեք խնդիր չենք ունեցել ամերիկյան ներդրումների հետ, հենց նրանք են իրենց զրկել Իրանի հսկայական ներուժից։ Բնականաբար, եթե նոր համաձայնագիր կնքվի, ԱՄՆ-ն կկարողանա լիարժեք օգտվել Իրանի տնտեսական ներուժից, և մենք պատրաստ ենք դա անել որպես երկիր, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում», - ասել է Մոհաջերանին:
Մայիսի 11–ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի և պատժամիջոցների հնարավոր չեղարկման վերաբերյալ իրանա–ամերիկյան միջնորդավորված բանակցությունների չորրորդ փուլը:
Հանդիպումը տեղի է ունեցել երկշաբաթյա դադարից հետո: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Մասկատում (ապրիլի 12-ին և 26-ին) ու Հռոմում (ապրիլի 19-ին):
Հիշեցնենք` երկխոսությունը վերսկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակից հետո, որում և՛ նոր համաձայնագրի առաջարկ է եղել, և՛ ռազմական միջամտության սպառնալիք: Իրանը հրաժարվել է անմիջական շփումից, բայց համաձայնել է միջնորդավորված ձևաչափին։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի մանդատի ավարտով: