Հնդկաստանը մասամբ վերսկսել է ջրի բացթողումը Պակիստան. ANI

Չինաբ գետը
Հնդկաստանը կշարունակի «Սինդուր» գործողությունը, որը սկսվել է Պահալգամի ահաբեկչական հարձակմանն ի պատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հնդկաստանը Պակիստանի սահմանի մոտ Չինաբ գետի վրա բացել է ամբարտակի ջրարգելակներից մեկը, հաղորդում է ANI-ն: Այսպիսով, մայիսի 4-ին Հնդկաստանի կողմից փակված գետից ջուրը մասամբ սկսել է հոսել դեպի Պակիստան։
Գործակալությունը նաև հաղորդում է, որ Հնդկաստանը կշարունակի «Սինդուր» գործողությունը, որը սկսվել է Պահալգամի ահաբեկչական հարձակմանն ի պատասխան։
««Սինդուր» գործողությունը չի ավարտվել, մենք գտնվում ենք նոր փուլում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա, գործերը չեն կարող սովորականի պես ընթանալ», - ասել են աղբյուրները։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ գործողության շարունակությունը, որը ներառումէ կետային հարվածներ Պակիստանում ահաբեկչական ենթակառուցվածքներին և ուղղված է հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, վկայում է ահաբեկչության դեմ պայքարում Հնդկաստանի մոտեցման նոր նորմայի մասին:
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում), ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Geo հեռուստաալիքն այսօր հաղորդել էր, որ Իսլամաբադը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Նյու Դելիի դեմ: Այնուհետև Հնդկաստանի զինված ուժերը հայտնել են, որ հետ են մղել ԱԹՍ-ների, հեռահար զենքի, կամիկաձե ԱԹՍ–ների և կործանիչների կիրառմամբ հարձակումը: