ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Միացյալ Նահանգների միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ», - գրել է Թրամփը Truth Social-ում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են լայնածավալ բանակցություններ սկսել չեզոք տարրածքում։
Հավելենք, որ կրակը դադարեցնելու մասին տեղեկությունը հաստատել է նաև Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Geo հեռուստաալիքն այսօր հաղորդել էր, որ Իսլամաբադը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Նյու Դելիի դեմ: Այնուհետև Հնդկաստանի զինված ուժերը հայտնել են, որ հետ են մղել ԱԹՍ-ների, հեռահար զենքի, կամիկաձե ԱԹՍ–ների և կործանիչների կիրառմամբ հարձակումը: