Գյումրու քաղաքային իշխանությունները Մեծ հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումները նշել են ռուս զինվորականների հետ համատեղ: Քաղաքի բնակիչները, զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները Շիրակացի փողոցով քայլել են դեպի Փառքի ծառուղի, որտեղ կազմակերպվել էր ռազմական տեխնիկայի ցուցադրություն, ինչպես նաև տեղակայվել դաշտային խոհանոց:
Մայր Հայաստան հուշարձանի առջև անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև ՌԴ, Հնդկաստանի և Իրանի դեսպանատների ռազմական կցորդները:
Քաղաքում անցկացված հանդիսավոր մասից հետո արտասահմանցի հյուրերն ու գյումրեցիներն ուղևորվել են 102-րդ ռուսական ռազմաբազա:
Այնտեղ տեղի է ունեցել տոնական շքերթ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների պատմական վերակառուցմամբ և հատուկ ստորաբաժանումների մարտիկների ելույթներով թատերական ներկայացում։ Առաջին անգամ ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազա են այցելել Հնդկաստանի և Իրանի ռազմական կցորդները։
Հաղթանակի հոբելյանին նվիրված ակցիաները Հայաստանում անցկացվել են ոչ միայն խորհրդանշական վայրերի, այլև քաղաքային նշանակալի տեսարժան վայրերի մոտ: Հաղթանակի զբոսայգուց, որտեղ տեղի է ունեցել տոնական համերգը, «Հաղթանակ 9/45» հայրենասիրական շարժման երիտասարդ անդամները Հայրենական մեծ պատերազմի մասնակից իրենց նախնիների դիմանկարներով իջել են Կասկադի աստիճաններով և պարել ազգային քոչարին:
Այնուհետև մի քանի հարյուր ակտիվիստներ շարժվել են դեպի մարշալ Բաղրամյանի հուշարձան, որտեղ հարգանքի տուրք են մատուցել նշանավոր հերոսների հիշատակին և մեծանուն հայրենակցի ու խորհրդային զորավարի հուշարձանին ծաղիկներ են խոնարհել: