Կոնկլավը (կարդինալների հավաք) Հռոմի նոր պապ ընտրեց: Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս։
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների աչքերն արդեն երկրորդ օրն է՝ սևեռված էին Սիքստինյան կապելլայի ծխնելույզի ուղղությամբ։ «Վատիկան Նյուզն» ուղիղ եթերում ցույց է տալիս, թե ինչ է կատարվում այն պահին, երբ ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս։
Մարդիկ ուրախ բացականչում են, շատերն արցունքն աչքերին ծափահարում են, ծնրադրում և աղոթում, գրկախառնվում և շնորհավորում մեկմեկու։
Հրապարակն ամեն րոպե ավելի մարդաշատ է դառնում։ Կաթոլիկ հավատացյալները, տարբեր երկրների դրոշները պարզած, սպասում են Հռոմի 267-րդ պապի հայտնվելուն։
Բոլորի ուշադրությունը հիմա դեպի Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբ է ուղղված։ Հռոմի պապին ընտրելուց հետո Կարդինալների քոլեջի ներկայացուցիչը պետք է դուրս գա պատշգամբ և լատիներեն հայտարարություն անի՝ «Habemus papam», ինչը նշանակում է «Մենք պապ ունենք»:
Թե ով է դարձել Հռոմի 267-րդ պապը, հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում և կհայտարարի իր պապական անունը՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը»:
Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվեց թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն մահացավ կաթվածից։