ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի լարման կապակցությամբ և երկու երկրներին զսպվածության կոչ է արել, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն:
«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, լուրջ մտահոգություն հայտնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրման կապակցությամբ, երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Բաղաին նաև հույս է հայտնել, որ Հնդկաստանը և Պակիստանը լարվածութայան նվազեցմանն ուղղված քայլ կանեն, կկանխեն իրավիճակի հետագա սրացումը և կկանխեն երրորդ երկրների, «հատկապես իսրայելական ռեժիմի կողմից» իրավիճակի չարաշահումը։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:
Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասին
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: