ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հայաստանը ճանաչում է երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչպես կարող են անդրադառնալ Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսված ռազմական գործողությունները Հայաստանի վրա։
Միրզոյանը հիշեցրեց, թե ինչը դարձավ էսկալացիայի պատճառ․ տեղի էր ունեցել ահաբեկչություն, տասնյակ մարդիկ էին զոհվել։ Հայաստանն արագ արձագանքել էր և դատապարտել տեղի ունեցածը։
«Որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել։ Կարծում եմ՝ մենք նաև պետք է ճանաչենք երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ լարվածության սրման ֆոնին այսպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:
Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասին
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: