Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան գործով ձերբակալվածը կալանավորվել է. ՀՀ ՔԿ

Մեկուսարան
Ապրիլի 29-ին ձերբակալված անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով ձերբակալված անձը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում): Խափանման միջոց է կիրառվել կալանքը»,– նշեցին ՔԿ–ից:
Հիշեցնենք` ԱԱԾ–ն ապրիլի 25-ին հայտնեց, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։
ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 29-ին հայտնեց, որ սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով 1 անձ է ձերբակալվել։