ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Գորլովկայում ուկրաինական զորքերի կողմից հրետակոծության հետևանքով վիրավորված խաղաղ բնակչուհին մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Գորլովկայի կենտրոնի երեկվա հրետակոծության հետևանքով ուկրաինացի ահաբեկիչների կողմից վիրավորված խաղաղ բնակչուհին մահացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից», – նշել է Պրիխոդկոն իր Telegram–ալիքում։
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ապրիլի 29-ին ուկրաինական զորքերը HIMARS համակարգեր են կիրառել Գորլովկայի կենտրոնը հրետակոծելու համար, որի հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում՝ հինգ ոստիկան և մեկ տարեկան երեխա։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտությունը սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։