ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում կարևոր դերակատարում են ունեցել նաև հերոս հայերը։ Նրանցից մեկի՝ Վազգեն Օգանեսովի մասին ֆեյսբուքյան էջում պատմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Օգանեսովի հաշվին հարյուրավոր մարտական թռիչքներ են եղել և հակառակորդի տասնյակ խոցված ինքնաթիռներ:
Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ Վազգեն Օգանեսովը ծնունդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է։ Կարմիր բանակի շարքերը համալրել է 1941թ.–ին՝ քաջաբար մարտնչելով գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ, մասնակցել է Վարշավայի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը։
Վազգեն Օգանեսով
© Photo
1945-ի ապրիլի 27-ին թշնամին, կորցնելով Բեռլինի բոլոր օդանավակայանները, պատրաստվում էր օգտագործել Տիերգարդեն այգու գլխավոր ծառուղին ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի համար: Ենթադրվում է, որ հենց այդ ճանապարհով էլ պետք է Բեռլինից փախչեր Հիտլերը։
Այդ ժամանակ Օգանեսովի և նրա ընկերոջ առջև խնդիր էր դրվել հետախուզել իրավիճակը տվյալ շրջանում։
Օդաչուներն այգու մուտքի մոտ քողարկված ինքնաթիռներ և տանկեր են հայտնաբերել, որից հետո Օգանեսովը հետագծող փամփուշտների օգնությամբ օգնել է ընկերներին կրակ բացել ճիշտ ուղղությամբ։ Նա թռիչք էր կատարում ցածր բարձրության վրա՝ այդպիսով ուղղորդելով իր մարտական ընկերներին։ Այս գործողության արդյունքում թռիչքուղին շարքից հանվել է, իսկ հակառակորդի տանկերն ու ինքնաթիռները ոչնչացվել են։
Սա դարձավ Օգանեսովի վերջին մարտական թռիչքը․ նրա ինքնաթիռը խոցվեց թշնամու կողմից, սակայն օդաչուի փորձառությունն օգնեցին նրան ապահով իջեցնել ինքնաթիռը։
1946թ. մայիսին Օգանեսովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: Պատերազմի տարիներին նա ունեցել է ավելի քան 300 թռիչք, մասակցել 75 օդային մարտի, խոցել է հակառակորդի 23 ինքնաթիռ։