ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցելու է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան։ Նրա մարմինը ապրիլի 23-ին տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, որպեսզի քաղաքացիները կարողանան հարգանքի տուրք մատուցել հանգուցյալ քահանայապետին։ Հռոմի պապի հոգեհանգստի արարողությունը կտևի մինչև ապրիլի 25-ը։ Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ աթոռում (Վատիկան) կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։