Ինչ էլ ասի, ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նա դավաճան է. Սերժ Սարգսյանը` Փաշինյանի մասին

ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը նաև նշեց` այն, որ պետությունը 2–րդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ինչ էլ ասի, ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նա դավաճան է; Ծիծեռնակաբերդի հուշամալիրում ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի նախօրեին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն ավանդական ջահերով երթի մեկնարկից առաջ Երևանի Հանրապետության հրապարակում այրել էր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը դա սադրիչ և հրահրող գործելակերպ է համարել։
«Շատ բան չեմ մեկնաբանի, քանի որ դրա իմաստը չեմ տեսնում, անշնորհակալ գործ է։ Ձեր ասած անձնավորությունն ինչ էլ ասի այս առիթով, միևնույնն է` մեր ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նա դավաճան է»,– ի պատասխան լրագրողի հարցին` ասաց Սարգսյանը։
Նա նաև նշեց` այն, որ պետությունը 2–րդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է։
Ըստ Սարգսյանի՝ ՀՀ ներկա իշխանությունները 100 տոկոսով չեն ուրացել Ցեղասպանության հարցը, սակայն այդ ճանապարհին են։
Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահը հուշահամալիր էր եկել թոռան հետ։ Նրան ուղեկցում էին նաև ՀՀԿ երիտթևի անդամները։