Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է կառույցի մասին Հայաստանի մոտեցումը

Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիողլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմանը։
«Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին` Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը` ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։
Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ավելի ուշ Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆերիդուն Սինիրլիօղլուին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։ 2025թ–ի ապրիլի 12–ին Թուրքիայում` Անթալիայի ֆորումի շրջանակում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ միասին ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է։