Չեմ կարծում, որ «մեկժամյա կոալիցիան» կկարողանա բնականոն աշխատել․ Սիմոնյանը՝ Գյումրու մասին

ԱԺ խոսնակի կարծիքով՝ 2026թ․ համապետական ընտրություններում իրենք 2021 թվականից շատ ձայն են հավաքելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տրամաբանական է համարում, որ ամենաշատ ձայներ հավաքած ուժն ընտրի քաղաքապետ։
«Մնացած տարբերակները չեմ կարծում, որ ժամանակի և իրականության մեջ աշխատող տարբերակներ են ունենալու, կարծում եմ, որ դա բացասական ազդեցություն կունենա Գյումրիում բարեփոխումների հետ կապված։ Չեմ կարծում, որ այդ «մեկժամյա կոալիցիան» կկարողանա ապահովել բնականոն գործունեությունը»,- նշեց Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ Գյումրիում իրենք պարտություն չեն կրել, քանի որ կուսակցությունը ստացել է երկու անգամ ավելի ձայն, քան 2–րդ տեղի ներկայացուցիչ։
«Ժողովրդավար երկրներում, որտեղ ամեն ինչ կանոններով է, շատ հազվադեպ է լինում, երբ 50+1 ձայն որևիցե կուսակցություն հավաքում է»,- նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով իրենց թիմի ոչ բավարար քանակով ձայն հավաքելուն։
Ինչ վերաբերում է 2026թ․ սպասվող համապետական ընտրություններին, Սիմոնյանը վստահ է, որ իրենք ավելի շատ ձայն են հավաքելու, քան 2021 թվականին։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։
Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։