ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Մայր Հայաստան» շարժումը և Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամները դեմ են արտահայտվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած նախագծին, որով Երևանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող անձինք պետք է տուգանվեն։ Այս մասին ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նախագիծ, որը վերաբերում է քաղաքային տրանսպորտի թանկացմանը և ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելուն։ «Մայր Հայաստան» խմբակցությունը վստահ է` այդպիսով իշխանությունները ցանկանում են արգելափակել տրանսպորտի թանկացմանն ուղղված իրենց նախաձեռնությունն ու քաղաքացիներին դարձնել «տուգանքի մատերիալ»։
Թևանյանը լրագրողներին ասաց, որ ներկայում ՔՊ–ն օրինագիծ է բերել խորհրդարան, որպեսզի կարողանա 15 000 դրամով տուգանել անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիներին։
««Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» ասողն այսօր դարձել է տուգանող, հարկ բարձրացնող։ Մենք 17.000 քաղաքացու ստորագրությամբ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծ էինք ներկայացրել Երևանի ավագանու քննարկմանը։ ՔՊ–ն փախավ ավագանու նիստերի դահլիճից` խուսափելով քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող բովանդակային քննարկումից։ Այժմ մի նախագիծ է ներկայացվել ԱԺ, որով գործնականում արգելվում է քաղաքային տրանսպորտի գնի հետ կապված հանրաքվեի անցկացումը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փակում է օրինական բոլոր ճանապարհները, որպեսզի լուծենք սոցիալական այս կարևոր խնդիրը։ Նա այն ժամանակ խոսում էր «հայկական ագորայից», բայց հիմա դրան նա ասում է «ոչ» ու փակում հանրաքվեի ճանապարհը»,– նշեց քաղաքական գործիչը։
Նա շեշտեց` այդ քայլերով Փաշինյանն ընդունում է, որ հիմնական շահառուն է թալանի, որը միայն տրանսպորտի ոլորտում տարեկան 25 մլն–ից 30 մլն դոլարի է հասնում։ Վստահեցրեց` քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ ու քաղաքային և համապետական մակարդակով պետք է իշխանափոխություն լինի։ Ըստ Թևանյանի` միայն այդպիսով հնարավոր կլինի կյանքի կոչել իրենց ներկայացրած նախագիծը։ Շարժման ղեկավարը նշեց` Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հանցանքներին մասնակից է դարձնում թիմակիցներին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքային իշխանությունները բազմիցս հայտնել են, որ պատրաստվում են հանրային տրանսպորտում օրենքի ուժով վերահսկողություն իրականացնող տեսուչների ինստիտուտ ստեղծել։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը նոր օրենսդրական նախագծերի փաթեթ է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղեկան տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև Վարչական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։ Հիմնական նպատակը հանրային տրանսպորտի վճարումները և դրանց վերահսկողությունը օրինական դաշտ բերելն է և տրանսպորտի համար չվճարողներին տուգանելը։ Տուգանքը կազմելու է 15.000–18.000 դրամ, նայած` ուղևորն ինչ աստիճանի իրավախախտում է արել։
Ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո ոչ ուշ, քան 1 րոպեում վճարել ուղեվարձը։