ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում ՌԴ տարածքում։
Նրանցից մեկը՝ Մարիուս Պրունյանուն շրջանցիկ ճանապարհով՝ Լատվիայով, ռումբեր էր բերել ՌԴ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«Պարզվել է, որ 2022-2023 թվականներին Պրունյանուն ՌԴ ԶՈւ–ի դեմ մարտական գործողությունների է մասնակցել հատուկ գործողությունների ուժերի հատուկ միջոցառումների կենտրոնի (զորամաս A1737) և Ուկրաինայի զինված ուժերի Ինտերնացիոնալ լեգեոնի (զորամաս 3449) կազմում ԴԺՀ–ի Բախմուտի շրջանում»,- նշում է ԱԴԾ–ն։
ՌԴ հատուկ ծառայության տվյալներով՝ Պրունյանուն «2023 թվականի դեկտեմբերին հավաքագրվել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակցի կողմից, նրան տրվել էր «Մաքս» կեղծանունը և ուղարկվել Մոլդովա՝ Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստելու համար։
«Ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով 2024 թվականին մեղադրյալը Ռուսաստան է ժամանել նշված մեքենայով՝ Մոլդովա-Ռումինիա-Հունգարիա-Սլովակիա-Լեհաստան-Լիտվա-Լատվիա երթուղով՝ Վոլգոգրադում և Սարատովում գտնվող թաքստոցներում խոցման միջոցներ տեղադրելու համար, սակայն ձերբակալվել է անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից: Ուկրաինայի հատուկ ծառայությունների մտահղացմամբ բերված պայթուցիկ սարքերը պետք է կիրառվեին ՌԴ–ում դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», – հայտնում է ԱԴԾ-ն։
Նշվում է, որ ԱԴԾ Քննչական վարչությունը քրեական գործեր է հարուցել Պրունյանուի նկատմամբ՝ ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, փոխանցման, վաճառքի, պահպանման և փոխադրման հոդվածների հատկանիշներով։
ԱԴԾ-ն ձերբակալել է նաև Եվգենի Քուրդօղլուին. նա ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ պատրաստվում էր պայթեցնել ջրի պոմպակայանը։