ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱՆԻՖ-ի գործով շուտով գնալու է իր հետևից։
«Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել»,- ասաց Ավինյանը։
Ինչ վերաբերում է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ Ավինյանը կարծում է՝ նման պատկեր հաճախ ենք տեսնելու։
«Շատ բնական է, որ պառլամենտական երկրում մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը, և հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ արդյունքներ այդպիսին են լինելու»,- նշեց Ավինյանը։
Նա բնական է համարում, որ տարբեր համայնքների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է և պարտվել։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։
Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Հավելենք, որ ավագանու առաջիկա նիստը նախատեսվում է ապրիլի 16-ին։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով կդառնա քաղաքապետ։