ՔՊ–ական պատգամավորի լիազորությունները պաշտոնապես դադարեցվեցին

Վիլեն Գաբրիելյան
Վիլեն Գաբրիելյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր ապրիլի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները պաշտոնապես դադարեցվեցին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է համապատասխան արձանագրությունը։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ, որը հրապարակվել է խորհրդարանի կայքում:

Հիշեցնենք` Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը, միջադեպ էրտեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել էր` կուրախանամ։ Ավելի ուշ նա հայհոյել էր լրագրողներից մեկին, վիճաբանություն էր սկսվել։
Ապրիլի 1-ին Գաբրիելյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, քանի որ Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել ԱԺ պատգամավորի վարքին։