ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Օրենսդրական խախտում չէ, սակայն ճիշտ կլինի, եթե Հանրային հեռուստաընկերությունը Բաքվում պահվող հայ գերիների թեման լուսաբանի։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, որ Հանրային հեռուստաընկերությունը համառորեն չի անդրադառնում Բաքվում պահվող հայ գերիների, Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես կոչված, դատավարությանը։ Ի՞նչ կարծիք ունի Հակոբյանն այս հարցում և ինչո՞ւ ՀՌՀ–ն չի անդրադառնում Հանրային հեռուստաընկերության այն գործելաճին։
«Ես գիտեմ այդ խնդիրը, կիսում եմ ձեր մտահոգությունը, սակայն ուզում եմ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները. Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարման մարմինը` Հանրային հեռարձակողի խուրհուրդը։ Մենք իրենց բովանդակային վեճերի մեջ մտնելու իրավունք չունենք։ Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք»,– հայտարարեց Հակոբյանը։
Նրա խոսքով` հանձնաժողովի իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ, իսկ օրենսդրության մեջ նշված չէ, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։
«Մենք որևէ լծակ չունենք։ Դա խախտում չէ, սակայն շատ ճիշտ կլինի, եթե ամեն ինչը լուսաբանվի»,– ընդգծեց ՀՌՀ նախագահը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ընդունել է, որ Բաքվում 23 հայ գերիներ կան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը ավելի շատ է։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործըքննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: