ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատավարության» ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է արտահայտվել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ինտեգրումն անհնար է։ Ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,– ասել է նա։
ԼՂ հայ բնակիչների ինտեգրմանը դեմ են եղել նաև ԼՂ ռազմաքաղաքական մյուս ղեկավարները, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: