ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերջնական արդյունքները

Երկար ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում Գյումրիում ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, թե մանդատներ ստացած ընդդիմադիր ուժերն ում են աջակցություն հայտնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։
ԿԸՀ-ն հայտնում է, որ Փարաքարի ընտրությունների արդյունքով 12 մանդատ (6508 քվե) ստացել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքը։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որ 3669 քվեով ստացել է 7 մանդատ։ Երրորդ տեղում «Սզգային առաջընթաց» կուսակցությունն է, որը 900 քվեով ստանում է 3 մանդատ։
Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11528 ընտրող, իսկ ընտրական իրավունք ունեցողների թիվը 20967 է։ Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է։
Իսկ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների վերջնապատկերը չի փոխվել՝ 14 մանդատ (17188 քվե) ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
Ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 111236 անձանցից 47434-ը։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Մասնակցությունը կազմել է մոտ 44.60% (58 962 ընտրող)։ Երկու համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք է ունեցել 132 203 ընտրող (Գյումրիում ՝ 111 236, Փարաքարում ՝ 20 967):
Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են 5-ը։
ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու է Սարիկ Մինասյանը, ՀԿԿ-ից՝ Վարդան Ղուկասյանը, «Մայր Հայաստանից»՝ Կարեն Սիմոնյանը, «Մեր քաղաքը» ներկայացնում է Մարտուն Գրիգորյանը, «Իմ հզոր համայնք»-ը՝ Ռուբեն Մխիթարյանը։
Այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ–ն իշխանություն չլինի. Մարտուն Գրիգորյան
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով 6508 ձայնով (57%) հաղթել է «Միասնություն» դաշինքի («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը։
Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան) ու «Ազգային առաջընթաց» (Դավիթ Մինասյան) կուսակցությունները։