Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Այսօր Վատիկանի հրապարակում Հոբելյանական տարվա կապակցությամբ պատարագ է մատուցվել, որը նվիրված է եղել հիվանդներին և առողջապահությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով դեռ ապաքինվում է ծանր թոքաբորբից, անսպասելիորեն հայտնվել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների բազմության առջև:
Այսօր Վատիկանի հրապարակում Հոբելյանական տարվա կապակցությամբ պատարագ է մատուցվել, որը նվիրված է եղել հիվանդներին և, առհասարակ, առողջապահությանը:
Պատարագի ավարտին հրապարակում հայտնվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ սայլակով։ Հավաքվածները նրան դիմավորել են ծափահարություններով, որից հետո սայլակը տեղավորել են հովանոցի տակ, այնտեղից հովվապետը կարճ ողջույնով դիմել է հավատացյալներին ։
«Բարի կիրակի բոլորին։ Շատ շնորհակալ եմ»,- ասել Է Ֆրանցիսկոս Պապը։ Նրա դեմքին եղել են թթվածնի մատակարարման խողովակներ։
Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցը, որտեղ բուժվում է Հռոմի պապը, ուխտատեղի է դարձել
Նշենք, որ 2025 թվականը հայտարարված է Հոբելյանական տարի, այն անցկացվում է 25 տարին մեկ անգամ։ Դա մեղքերի ներման և թողության տարի է, հակառակորդների հաշտեցման և խոստովանանքի Սուրբ խորհրդի միջոցով ապաշխարության տարի է, բարենպաստ ժամանակաշրջան է համերաշխության, հույսի, արդարության և ուրախությամբ Աստծուն ծառայելու: Առաջին Հոբելյանը հայտարարվել է 1300թ.՝ Բոնիֆացիուս VIII Պապի կողմից։ Այս անգամ այն կոչվում է «Գթասրտության, ողորմության տարի»։
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոսը «Ջեմելի» կլինիկա էր ընդունվել փետրվարի 14-ին՝ ընդունելությունից հետո, բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Ավելի ուշ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։ Հոսպիտալացման ընթացքում նա չորս շնչառական ճգնաժամ է ունեցել։ Նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղարկվել են։
Հռոմի պապը հիվանդանոցից դուրս է գրվել 5 շաբաթ տևած բուժումից հետո: Նշանակվել է երկարատև թերապիա և երկամսյա հանգիստ։ Բժիշկը հայտնել է, որ քահանայապետին խորհուրդ է տրվել սահմանափակել շփումները, հատկապես երեխաների և մարդկանց խմբերի հետ, որպեսզի խուսափեն կրկնակի վարակվելուց: