Տաք և բավարար տեղումներով ապրիլ կլինի. Սուրենյանը հայտնեց` որքան կբարձրանա ջերմաստիճանը

Գագիկ Սուրենյանը նշում է, որ ապրիլին անմասն չենք մնա նաև արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ապրիլ ամիսն այս տարի կլինի տաք և բավարար տեղումներով, օդի ջերմաստիճանն էլ 1-2 աստիճանով նորմայից բարձր կլինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հիմնականում ապրիլին գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող հոսանքները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջում` առանձին օրերի, ունենանք արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցում։ Ապրիլին տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են ու տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում»,– նշեց Սուրենյանը։
Մինչև ապրիլի 8-ը հանրապետությունը գտնվելու է թույլ արտահայտված ցիկլոնների գոտում, որը հիմնականում կարտահայտվի գիշերային և երեկոյան ժամերին։ Ապրիլի 9-ից ցիկլոնային պրոցեսները կսկսեն զարգանալ, Հայաստանը կգտնվի միջերկրական ծովից ներթափանցող միջին ուժնգության ցիկլոնի ազդեցության գոտում։
Ապրիլի 9-13-ը ժամանակ առ ժամանակ երկրի ողջ տարածքում կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում կլինեն նաև ամպրոպներ։
Սուրենյանը վստահեցրեց` առաջիկա 10 օրը հյուսիսային լայնություններից ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի սպասվում, ցիկլոնները լինելու են հարավ–արևմուտքից` Միջերկրական ծովի շրջաններից։
Ի՞նչ եղանակ է սպասվում մարտ ամսին. Սուրենյանը հայտնեց կանխատեսումներում փոփոխության մասին
Սա նշանակում է, որ խոնավ արևադարձային տաք օդ է տեղափոխվելու, ու հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում ցրտահարությունների ռիսկն օրեցօր նվազում է։
Գագիկ Սուրենյանը ներկայացրեց, որ տաք օդային հոսանքների ներթափանցման օրերին ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23 աստիճան։
Լոռիում կլինի +21–ից +25 աստիճան, իսկ Տավուշում` +29–ից +31։ Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում առավելագույն ջերմաստիճանը կտատանվի +26–ից +30–ի սահմաններում, Սյունիքի հովտային գոտում` +28–ից +32, իսկ նախալեռնային հատվածներում` մինչև +26 աստիճան։ Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +30 աստիճանի։
Տորնադո Չինաստանում. տանիքները «ճախրում» են օդում
Արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման ժամանակ գիշերային ժամերին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի լեռնային շրջաններում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում մինչև -6–ից -10 աստիճան։ Լոռիում ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան, Տավուշում` -2, Սյունիքի հովտային գոտում` +2, իսկ նախալեռնային հատվածներում` մինչև -5 աստիճան։ Երևանում օդի նվազագույն ջերմաստիճանը կարող է հասնել 0–ի։
Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, ու այստեղ նվազագույնը կլինի 0–ից +3 աստիճան տաքություն։