ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ է իրականացնել թիվ 14 (Փարաքար) և 31 (Գյումրի) ընտրատարածքներում և ամփոփել վերահաշվարկի արդյունքները, հայտնում են հանձնաժողովից։
«Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11 թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերի արդյունքները։ Թիվ 14 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքներով որևէ կուսակցության կամ դաշինքի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ թիվ 31 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքներով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է +4 քվե, «Ապրելու երկիր» կուսակցությունը` +1 քվե, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը` +2 քվե, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը» +1 քվե, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը +2 քվե, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը` +1 քվե, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք +1 քվե, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը` +5 քվե։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի ու Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Մասնակցությունը կազմել է 44.61% (58 978 ընտրող)։ Երկու համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք է ունեցել 132 203 ընտրող (Գյումրիում ՝ 111 236, Փարաքարում ՝ 20 967):
Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։
Անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն` Սարիկ Մինասյան) 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան) 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան) 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան) 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան)` 3։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով 6508 ձայնով (57%) հաղթել է «Միասնություն» դաշինքի («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը։
Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» (3669 ձայն, Լյուդվիգ Գյուլնազարյան) ու «Ազգային առաջընթաց» (900 ձայն, Դավիթ Մինասյան) կուսակցությունները։