ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանի դիմումը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Վիլեն Գաբրիելյան դիմումն արդեն ստացվել է»,- ասաց նա։
Նշենք, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին Գաբրիելյանը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։ Պատգամավորը նշել էր, որ Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին:
Միաժամանակ հայտնել էր, որ այդ պահից սկսած ինքնառաջադրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ Նրա պնդմամբ` իր համար միանշանակ է, որ ՔՊ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:
Հիշեցնենք` Գյումրիում մարտի 30–ին` ավագանու ընտրությունների օրը, միջադեպ է տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ենթադդրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Լրագրողներից մեկի հարցին` եթե ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանը պարտվի, շա՞տ կտխրեք, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է` կուրախանամ։
Ավելի ուշ նա հայհոյել է լրագրողներից մեկին, վիճաբանություն է սկսվել։ Ապա լրագրողներից մեկի պահանջին, թե հայհոյելու համար ներողություն խնդրեք և մանդատը վայր դրեք, Գաբրիելյանը ասել է. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։